Հունիսի 27-ին Արարատբանկը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում բաժնետերերի յոթերորդ տարեկան ժողովն էր գումարել` ամփոփելու 2013-ի գործունեության արդյունքները: Ի սկզբանե ասեմ, որ բաժնետերերը հաստատեցին բանկի գործադիր մարմնի 2013-ի տարեկան հաշվետվությունը և շահույթի բաշխումը, զուտ շահույթից 297 միլիոն դրամ վճարվեց որպես շահաբաժին:
Կենտրոնական բանկի փոխնախագահ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ողջույնի խոսքում արձանագրեց, որ Արարատբանկը իր գործունեության տարիներին գրավել է առանձնահատուկ տեղ Հայաստանի ֆինանսական շուկայում` նպաստելով բանկային համակարգի կայացմանն ու զարգացմանը, վարելով ակտիվ բանկային քաղաքականություն, ներգրավված լինելով սոցիալական ծրագրերում` նպաստել է տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը: «Արարատբանկը միշտ աչքի է ընկել կառավարման բարձր արդյունավետությամբ, որը մենք շատ ենք կարևորում, հատկապես` ռիսկերի կառավարման գործուն մեխանիզմների առկայությունը, որը կարևոր պայման է երկարատև և կայուն զարգացման համար: Բանկը անգամ վարկավորման արագացված աճի պայմաններում ունեցել է վարկերի բարձր վերադարձելիություն: Արարատբանկն ունի մասնաճյուղերի զարգացած ցանց և բանկային ծառայությունները հասանելի է դարձրել Հայաստանի մարզերում ու Լեռնային Ղարաբաղում: Արարատբանկը ոչ միայն առաջին կորպորատիվ բաժնետոմս թողարկողն է, այլև հետևողականորեն մասնակցում է կապիտալի շուկայի զարգացմանը: Գնահատելի է բանկի մշտական պատրաստակամությունը առաջադեմ մտածողության առաջքաշման նկատմամբ: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատբանկին Հայաստանի բանկային համակարգի, կապիտալի շուկայի և տնտեսական զարգացման գործում մասնակցության համար, մաղթել բեղմնավոր աշխատանք և նորանոր ֆինանսական հաջողություններ»,- ասաց Ներսես Երիցյանը Կենտրոնական բանկի անունից շնորհավորելով բանկի բաժնետերերին ու հաճախորդներին, աշխատակիցներին ևս մեկ հաջող տարվա կապակցությամբ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ ՄԱՐԿ ԴԵՅՎԻՍԸ նշեց, որ 2013-ին Արարատբանկի հետ կազմակերպվել է վարկային հնարավորությունների ընդլայնման, հաջողությամբ իրականացվել է փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծրագիր: Նա առանձնացրեց բանկի հաջողությունը առևտրային ֆինանսավորման ոլորտում, որը ՎԶԵԲ-ի խորհրդով ամեն տարի կրկնապատկվում է: Արարատբանկը ստացել է ՎԶԵԲ-ի պարգևը նախորդ տարիների համար: Բանկը մեծապես նպաստում է կապիտալի զարգացմանը: Մարկ Դեյվիսն ընդգծեց, որ լավ համագործակցություն կա բանկի ղեկավարության հետ և հույս հայտնեց, որ ապագան նոր հաջողություններ կբերի թե բանկին, թե իրենց համագործակցությանը:
Արարատբանկի խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ բաժնետերերին իր ուղերձում անցած ֆինանսական տարին գնահատել է որպես նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի. «Գործունեության բոլոր ուղղություններով արձանագրվել են աճի բարձր տեմպեր, որոնք առաջին հերթին վկայում են մեր հաճախորդների վստահության, բանկի առաջարկած ծառայությունների մրցունակության և արդիականության մասին: Թափանցիկ և կանխատեսելի գործելաոճը, կորպորատիվ կառավարման սկզբունքների արմատավորումը, ֆինանսական ծառայությունների նկատմամբ հաճախորդների պահանջարկի արագ և որակյալ բավարարումը եղել և մնում են Արարատբանկի ռազմավարական առաջնահերթությունը:
Բանկի վերլուծաբանների և ռազմավարների հմուտ թիմը մտահղացել և կյանքի է կոչել այնպիսի ծառայություններ, որոնց պահանջարկի ազդակները եղել են հենց հաճախորդներից: Նոր ծառայությունները նախագծելիս հաշվի են առնվել բանկային ոլորտի միջազգային լավագույն փորձը և ֆինանսական ռիսկերի կառավարման ընդունելի սահմանները: Անցած տարում բանկը հանդես է եկել հաճախորդներին մատչելի և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ծառայություններով: Կարծում եմ, որ բանկի հաջողության գրավականներից մեկն էլ միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությունն է: Բանկն ընդլայնում է իր համագործակցությունը, և ֆինանսական միջոցների ներգրավումից բացի, թողարկեց միջազգային վճարային համակարգի Diners Club պրեմիում դասի քարտեր: Նույնիսկ ամենաթեժ մրցակցության պայմաններում բանկը կարողացավ ամրապնդել և ավելացնել իր տեսակարար կշիռը բանկային ծառայությունների բոլոր ոլորտներում»: Բանկի խորհրդի նախագահը շնորհակալ է բաժնետերերին` ակնկալելով, որ նրանք շարունակելու են անվերապահ վստահել Արարատբանկին` համոզված, որ իրենց ֆինանսական շահերն ու հետաքրքրությունները հուսալի պաշտպանված են: «Այն ամենը, ինչ կարևոր է մեր հաճախորդների ֆինանսական խնդիրների լուծման համար, կարևոր է նաև բանկի համար»,- վստահեցնում է Բարսեղ Բեգլարյանը:
Արարատբանկի վարչության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆՆ արձանագրում է, որ բանկը 2013-ին պահպանել է զարգացման աճի տեմպերը և առավել ամրապնդել դիրքերը ՀՀ ֆինանսական շուկայում: «Չնայած համաշխարհային և ՀՀ տնտեսությունում 2013-ին գրանցվեց մակրոտնտեսական ցուցանիշների աճի դանդաղում, բանկի ձեռնարկած ճկուն և արդյունավետ միջոցառումների շնորհիվ գերակատարվեցին բանկի ռազմավարությամբ սահմանված հիմնական` շահույթի, կապիտալի և ակտիվների եկամտաբերության ցուցանիշները»,- ասաց նա և թվարկեց 2013-ին տարբեր ուղղություններով արձանագրած ձեռքբերումները.
. բանկը բացեց ևս հինգ մասնաճյուղ և արդեն ունի 47 մասնաճյուղ` ընդգրկելով հանրապետության գրեթե ողջ տարածքը: Մասնաճյուղային ցանցի աշխարհագրական ճշգրիտ տեղաբաշխվածության շնորհիվ 2013-ին բանկը զուտ կոմիսիոն եկամուտների գծով աննախադեպ աճ է գրանցել:
. Բանկն ավարտեց Diners Club վճարային քարտերի սպասարկման համակարգի ձևավորումը և թողարկեց այդ քարտերը:
. Համագործակցելով միջազգային խորհրդատվական կազմակերպությունների փորձագետների հետ` մշակվեցին մասնաճյուղերի, անձնակազմի և գործառնական ռիսկի կառավարման ծրագրեր, բանկում ներդրվեց ռիսկերի գնահատման վրա հիմնված աուդիտ` համաձայն COSO մոդելի:
. Բանկը միջազգային խորհրդատվական կազմակերպությունների փորձագետների աջակցությամբ ներդրեց գյուղատնտեսական վարկավորման նոր գործընթաց` ձևավորելով գյուղատնտեսական վարկերի փաթեթ:
. Ստեղծված մակրոտնտեսական իրավիճակում բանկը որդեգրեց վարկավորման պահպանողական մոտեցում և զերծ մնաց խոշոր, ռիսկային ոլորտների ֆինանսավորման գործընթացից: 2013-ին բանկն իրականացրեց վարկային պորտֆելի կառուցվածքի փոփոխություն` թիրախավորելով փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը:
. Ամրապնդելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը` բանկը 2013-ին վարկային ծրագրերի շրջանակներում նոր համագործակցություն սկսեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և BluOrchard Microfinance Fund հիմնադրամի հետ: 2013-ին բանկը վարկային ծրագրերի շրջանակներում օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններից ներգրավեց 34,4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ:
. Բանկը 2013-ին ևս ակտիվ էր կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Մասնակցելով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի բոլոր հարթակներում, բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Պետական պարտատոմսերի, վարկային ռեսուրսների շուկաների լավագույն անդամ» և «Բորսայի լավագույն անդամ» մրցանակներին:
Արարատբանկի վարչության նախագահն այն կարծիքին է, որ 2013-ին իրականացված միջոցառումների, արձանագրված ֆինանսական ցուցանիշների աճի ապահովմամբ հաջողվեց առավել ամրապնդել վստահությունը հաճախորդների, բաժնետերերի, միջազգային ֆինանսական և այլ գործընկեր կազմակերպությունների շրջանում: Աշոտ Օսիպյանը վստահեցրեց, որ բանկում ձևավորված թիմը ներդնում է իր ողջ եռանդը և մասնագիտական ներուժը, որպեսզի արդարացնի բաժնետերերի, հաճախորդների սպասումները` բանկի առաջընթացի և զարգացման առումով: 2013-ին Արարատբանկը ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր: Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 միլիարդ 236,5 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 10,1 տոկոսով, 8,2 % -ով ավելացել են եկամտաբեր ակտիվները` կազմելով 83 %: Վարկային ներդրումների աճը կազմել է 11,1 %, վարկերի ծավալը` 59 միլիարդ 594,3 միլիոն դրամ: 2013-ի վերջին ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկտային ավանդներն աճել են 29,7 %-ով` կազմելով 22, 4 միլիարդ դրամ: 2013-ին իրականացվել է վարկային փաթեթի փոփոխություն` մեծ վարկերից անցում փոքր ու միջին վարկավորման, ավելացել է իրավաբանական անձանց վարկավորումը` 13,8%, ֆիզիկական անձանց վարկավորումը` 11, 6 %, անհատ ձեռներեցներին տրամադրված վարկավորման ոլորտում: Առաջին անգամ 2013-ին իրականացվել է գյուղվարկավորում բանկի երեք մասնաճյուղերով 200 միլիոն ծավալով, միկրովարկերի առավելագույն գումարը 5 հազար դոլար է: 2013-ի վերջին բանկի զուտ շահույթը կազմել է 3,082,7 միլիոն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը 2012-ի համեմատ աճելով 19,3 %` կազմել է 19,632,7 միլիոն դրամ:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Աշոտ Օսիպյանը նշեց, որ 2013-ը բանկի համար հաջող տարի էր, կատարվեցին նախատեսված խնդիրները, ապահովվեց 3 միլիարդ 83 միլիոն դրամ զուտ շահույթ, բոլոր ոլորտներում բանկը զարգացում ունենալով` ամրապնդեց դիրքերը ֆինանսական շուկայում, գյուղատնտեսական ծրագրերի վարկավորում սկսեց, դոլարով ու դրամով պարտատոմսեր թողարկեց, 34,4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ ներգրավվեց, ավելացան վարկային ներդրումները, վարկերը հաճախորդների համար ավելի մատչելի դարձան: Նրա գնահատմամբ` 2013-ը ակտիվ, հագեցած տարի էր: Բանկի վարչության նախագահը նաև արձանագրեց, որ 2013-ին բանկի զուտ շահույթը նվազել է հինգ տոկոսի չափով, որը պայմանավորեց վարկային ներդրումների թերտեղաբաշխմամբ: «Մենք կուզենայինք ավելի շատ վարկավորել, ավելի շատ միջոցներ դրսից ներգրավել, սակայն Հայաստանում չտեսանք առողջ վարկային ռեսուրսների պահանջարկ, վարկային ներդրումների 11 տոկոսի աճ ենք ունեցել, իսկ ծրագրել էինք 20-22 տոկոս: Մենք գնահատում ենք ռիսկերը, ինքնանպատակ չենք համարում վարկային ներդրումները, մենք վարկային ներդրումների ծրագրի փոփոխություն ենք արել` միտված ենք փոքր ու միջին բիզնեսի վարկավորումների: 2014-ի հինգ ամիսներին արդեն ունենք բավականին բարձր տվյալներ` շահույթը 2012-ից ու 2013-ից բարձր է` 1 միլիարդ 800 միլիոն: Այս տարի ավելացնելու ենք դրսից ներդրումներն ու գյուղատնտեսության վարկավորումը, հինգ նոր մասնաճյուղեր ենք բացելու»,- ասաց պարոն Օսիպյանը:
Բաժնետերերի տարեկան ժողովում Արարատբանկի վարչության նախագահը պատասխանեց նաև նրանց հարցերին, մասնավորապես, որքանով է դժվարացել միջազգային կազմակերպություններից ֆինանսական միջոցներ ստանալը` կապված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի հետ հարցին ի պատասխան, նա ասաց, որ անցած տարի 34,4 միլիոն դոլար է ներգրավվել, այս տարի արդեն 27 միլիոն դոլարի պայմանավորվածություն կա: «Արարատբանկի սկզբունքն է իրականացնել ներգրավված միջոցների դիվերսիֆիկացիա: Բանկն ունի 12 միջազգային գործընկերներ և այս տարի էլ պայմանագրեր ունի ու բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: Մենք նաև աշխատում ենք Եվրասիական զարգացման բանկի հետ: Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեզ համար բոլոր գործընկերներն էլ նախապատվելի են: Գործընկերները երկու հիմնական սկզբունքներով են աշխատում. առաջին` բանկը որքանո՞վ է վարկունակ, երկրորդ` ինչպիսի՞ն է երկրի վարկանիշն ու մակրոտնտեսական իրավիճակը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեզ հետ հաճույքով աշխատում են, որովհետև մեր երկրի վարկանիշը բարձր է, և մեր երկրում կատարվում են տնտեսական զարգացման բարեփոխումներ»: Եղան նաև այլ հարցեր:
Grant Thornton CJSC անկախ աուդիտորի եզրակացությունը ներկայացրեց աուդիտոր Արմեն Վանյանը. «2013-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավարտված Արարատբանկ ԲԲԸ աուդիտորական ստուգում անցած ֆինանսական հաշվետվություններից քաղված ամփոփ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համահունչ են այդ ֆինանսական հաշվետվություններին»: Ավարտելով իր պարտադիր, բայց ոչ պարտադրված ելույթը` պարոն Վանյանը շնորհավորեց բանկին` 2013-ի հաջողությունների համար և հաջողություններ մաղթեց նաև այս ֆինանսական տարում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի գործադիր տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ Արարատբանկի համար անակնկալ ուներ. նա շնորհակալություն հայտնեց բանկին բորսայական հարթակում գործունեության համար և տեղեկացրեց, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում ընդունված ավանդույթով, երբ որևէ ընկերություն ՆԱՍԴԱՔ-ում իր գործունեությունն է ծավալում, նրա լոգոն տեղադրվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի շենքի վրա և Արարատբանկի լոգոն արդեն տեղադրվել է Լոնդոնի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԻ աշտարակի վրա` դառնալով առաջին հայկական բանկի խորհրդանիշը: Պարոն Սիմոնյանը Աշոտ Օսիպյանին փոխանցեց փաստի արձանագրումը մեծադիր լուսանկարի տեսքով և ստացավ ներկաների ծափահարությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Պատկերն ամբողջական դարձնելու համար` 2013-ի վիճակագրությունը թվերով ու փաստերով.
ՓԵՏՐՎԱՐ
. BlueOrchard Microfinance Fund հիմնադրամը և Արարատբանկը ստորագրեցին 4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում արտադրության, առևտրի, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը:
ՄԱՐՏ
. NASDAQ OMX ARMENIA բորսայի կազմակերպած մրցանակաբաշխությանը Արարատբանկը ճանաչվեց հաղթող երեք անվանակարգերում` Բորսայի լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում, Բորսայի լավագույն անդամ բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար:
. Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի և գյուղատնտեսության ֆինանսավորման նպատակով Արարատբանկը և Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը ստորագրեցին 400 միլիոն ՀՀ դրամի վարկային պայմանագիր:
ԱՊՐԻԼ
. Երևանում բացվեցին Արարատբանկի 43-րդ` «Զեյթուն», և 44-րդ` «Էլիտ Պլազա» մասնաճյուղերը:
. Արարատբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ ստորագրեց 7 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկային միջոցները նախատեսվում է ուղղել արտադրության, առևտրի, ծառայությունների, գյուղատնտեսության բիզնես ծրագրերի իրականացմանը:
ՄԱՅԻՍ
. NASDAQ OMX ARMENIA ֆոնդային բորսայում հայտարարվեց Արարատբանկի արտարժութային պարտատոմսերի վեցերորդ թողարկումը:
ՀՈՒՆԻՍ
. Արարատբանկը հայտարարեց իր 6-րդ թողարկման պարտատոմսերի առաջին առևտրային նստաշրջանը` միաժամանակ հայտարարելով պարտատոմսերի 7-րդ թողարկման մասին:
. ՎԶԵԲ-ի կողմից առևտրի խթանման ծրագրի շրջանակներում բանկին շնորհվեց առևտրի ֆինանսավորման գործարքներում «հաստատող բանկի» կարգավիճակ:
Արարատբանկում ներդրվեց միջազգային արագ դրամական փոխանցումների նոր համակարգ` ԻՆՏԵԼ ԷՔՍՊՐԵՍ:
ՀՈՒԼԻՍ
. Համահայկական բանկը և Արարատբանկը համագործակցության հուշագիր ստորագրեցին` խթանելու արտահանման միտվածություն ունեցող ձեռնարկությունների երկարաժամկետ ներդրումային ծրագրերը:
. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բացվեց բանկի 45-րդ մասնաճյուղը:
ՕԳՈՍՏՈՍ
. Արարատբանկի 7-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին NASDAQ OMX ARMENIA ֆոնդային բորսայում:
. Երևանում բացվեց բանկի 46-րդ` Աջափնյակի մասնաճյուղը:
. SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Արարատբանկին շնորհվեց գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցության» մրցանակը:
ՀՈԿՏԵՄԲԵՐ
. Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց բանկի 47-րդ մասնաճյուղը:
BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունը 2-րդ անգամ բանկին տրամադրեց 4 միլիոն ԱՄՆ դոլար:
ԴԵԿՏԵՄԲԵՐ
. Արարատբանկը և Diners Club international LTD հայտարարեցին Diners Club international նոր վճարային քարտերի թողարկման մեկնարկի մասին Հայաստանում:
. Արարատբանկը երկրորդ անգամ 10 միլիոն ԱՄՆ դոլար ներգրավեց responsibility Global Microfinance հիմնադրամից Հայաստանում միկրո, փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորումը խթանելու նպատակով: